BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էրդողանը շարունակում է Թուրքիան հեռացնել Եվրոպայից

Էրդողանը շարունակում է Թուրքիան հեռացնել Եվրոպայից
02.11.2016 | 12:53

Թուրքիայի նախագահը սպառնում է վերականգնել մահապատիժը և շարունակում է հարձակվել մամուլի ազատության վրա՝ երկուշաբթի ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet-ի գլխավոր խմբագիրը՝ գրում է Le Monde-ը: Եթե սիմվոլ պահանջվեր՝ ցույց տալու՝ ինչքան է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ իր երկիրը հեռացնել Եվրոպայից հուլիսի 15-ի հեղաշրջումից հետո, մահապատժի վերականգնման վտանգը տխուր օրինակ է: Այդ օրինակը, որ թափահարում էին ձախողված հեղաշրջումից հետո առաջին օրերին, հոկտեմբերի 29-ին պետության ղեկավարը ձևակերպեց Անկարայում հանրահավաքում ելույթի ժամանակ: Էրդողանի համառությունը մահապատժի հարցում, առավելևս, որ նրան լավ հայտնի է՝ մահապատիժն արգելված է ԵՄ-ում, ցույց է տալիս եվրոպական արժեքներից ձերբազատվելու նրա ցանկությունը՝ մահապատիժը վերացվել է 2004-ին՝ հեշտացնելու թուրքական օրենսդրության համաձայնեցումը ԵՄ օրենսդրության հետ:

Եվս մեկ ճակատում Թուրքիայի նախագահը մեծացնում է տարածությունը իր և եվրոպացիների միջև՝ քաղաքացիական ազատությունների: Հոկտեմբերի 31-ի առավոտյան ընդդիմադիր Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջիի և մի քանի աշխատակիցների ձերբակալությունը նոր լուրջ գրոհ է մամուլի ազատության դեմ, որ հատկապես հետապնդումների է ենթարկվում հուլիսից սկսած: Վերջին մի քանի օրերին դեկրետի հիման վրա փակվել են ևս 15 ԶԼՄ-ներ՝ գերազանցապես հարավ-արևելքում, որտեղ կենտրոնացած է քրդական փոքրամասնությունը:


Միաժամանակ շարունակվում են զտումները՝ ուղղված այն անձանց դեմ, ովքեր ենթադրաբար համակրել են գյուլենական շարժմանը և մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջումը հրահրելու մեջ: Շաբաթ օրը երկու դեկրետ հրապարակվեց 10 հազար ծառայողների աշխատանքից ազատելու մասին, նրանք համալրելու են հուլիսից աշխատանքից ազատված 85 հազար պետծառայողների շարքերը: Այդ աննախադեպ լայնամասշտա զտումը ուղեկցվում է քրդական կառույցների դեմ գրոհով, որ իշխանությունն արդարացնում է ահաբեկչության, Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարով: Էրդողանը վաղուց է երազում հանրաքվեի մասին, որ թույլ կտա ուժեղացնել նախագահի իշխանությունը: Նրան խորհրդարանում պակասում է 14 ձայն՝ հանրաքվե հրավիրելու համար: Էրդողանի ազգայնական հռետորաբանությունը, ողբուկոծը օսմանյան տարածքների կորստի համար, ավտորիտար դրեյֆը մասնակի ակնարկներ են Ազգայնական շարժում կուսակցության հասցեով:

Թուրքիայի նախագահը կարող է սխալ հաշվարկ անել՝ հուլիսյան հեղաշրջման հուզական գրգռվածության համապատկերում՝ այդպիսի վարչակարգը միայն ավելի մեծ անկայունություն կստեղծի, ինչպես եղավ Մերձավոր Արևելքում, որին Էրդողանը սպառնալից չափերով մոտենում է:

Le Monde


Հ.Գ. Եթե Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձի վերաբերյալ ինչ-որ կասկածներ էլ կային, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսից նոյեմբեր ապացուցում է, որ հեղաշրջումը իր իսկ կազմակերպածն էր՝ պատճառաբանելու համար հետագա քայլերը, որ մոտեցնում են իր նպատակին՝ առանց դիմադրության հանդիպելու: Նա արթնացնում է թուրքերի ազգայնական տրամադրությունները, ինչպես անցյալ դարասկզբին արեցին երիտթուրքերը՝ Թուրքիան թուրքերին կարգախոսով: Էրդողանին պետք է բացարձակ իշխանություն՝ սուլթանի ու խալիֆի, ու նա հաշվի չի առնում ոչ իր նախորդների փորձն ու ճակատագիրը, ոչ փոխված ժամանակները: Եվ գուցե քրդերն էլ հիմա հատուցում են իրենց այն նախնիների սխալների դիմաց, որ ցեղասպանության օրերին միացան թուրքերին, ոչ թե հայերին: Պատմությունը սխալները չի ներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ